Օգոստոսի 27-ին լրացավ Գյումրիում «Պատվո բլուր» կոչվող ռուս զոհված սպաների գերեզմանոցի բացման արարողության մեկ շաբաթը: Բացումը կատարել էին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Գերեզմանոցի մոտ գտնվող Սբ Արխիստրատիգ Միխայիլի ժամատուն եկեղեցու վերակացու Հրաչյա Գալոյանի հաշվարկով, ամեն օր հուշահամալիր է այցելում ավելի քան 2000 մարդ: Անցյալ շաբաթ այցելուներն անթիվ-անհամար թարմ ծաղիկներ են դրել բլրին:
«Պատվո բլուրը» զինվորականների գերեզմանոց է: Այն ստեղծվել է 1856 թ. Ալեքսանդրապոլ քաղաքում (նույն Գյումրին` 1837-1924 թթ., իսկ 1924-1990 թթ.` Լենինական)` Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով: Գերեզմանոցում հանգչում են 156 ռուս սպաների աճյունները, որոնք զոհվել են 1853-56 թթ. և 1877-79 ռուս-թուրքական պատերազմների տարիներին: Այդտեղ թաղված են նաև գեներալներ Պյոտր Կովալևսկու, իշխան Գագարինի, Միխայիլ Գրաբեի, Իվան Չելոկաևի աճյունները: 1956-75 թթ. գերեզմանոցը փորվել է, աճյունները ոչնչացվել են, իսկ այդ տեղում կառուցվել է մանկական առողջարան:
Հուշահամալիրի վերականգնման նախաձեռնությամբ անցյալ տարի հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, նրան աջակցել են երկու երկրների ղեկավարները: Նախագիծն իրականացվել է Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի աջակցությամբ:
Կազմակերպչական աշխատանքների համակարգման համար 2009 թ. նոյեմբերի սկզբին ստեղծվել էր ռուս-հայկական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպությունը, որի համանախագահներն էին` Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և գերեզմանոցի վերականգնման հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
Հուշահամալիրի վերականգնման ընթացքում կանգնեցվել է 1928,1855 և 1877 թթ. Կարսի գրավման ժամանակ հայկական հողում զոհված ռուս զինվորի հիշատակը հավերժացնող, քանդակագործ Բորիս Միկեշինի 13 մետրանոց կոթողի կրկնօրինակը: Հուշարձանը վեր է խոյացել 1910 թ., Կարսում, իսկ 1918 թ. քաղաքը թուրքերին հանձնելուց հետո թուրքերն այն ոչնչացրել են; 2010 թ. մարտի 31-ին տեղի է ունեցել քանդակագործ Յուրի Մինասյանի վերականգնած հուշարձանի հիմնարկեքը: Հուշահամալիրը վերականգնվել է Ուլյանովսկ քաղաքի ճարտարապետ Օլեգ Վլադիմիրովի նախագծով:
Վերականգնված հուշահամալիրի բացման կապակցությամբ Հայ փոստը թողարկել է փոստային «Պատվո բլուր» նամականիշ: Այս մասին հաղորդում է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության մամլո ծառայությունը: