«Այսօր մեզ համար շատ հուզիչ օր է, քանի որ շուտով երկրորդ անգամ կհայտարարենք միջազգային անիմացիոն ֆիլմերի ReAnimania-2010 փառատոնի բացման մասին», - ասել է փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին` օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ փառատոնի մրցութային ծրագրին ներկայացվելու է 45 երկրից 263 ֆիլմ: «Անցյալ տարի մասնակցում էր 35 երկիր, այս տարի շատ է ակտիվացել Արևելքը և մասնակիցներ են գալու Սինգապուրից, Ճապոնիայից, Չինաստանից, Թուրքիայից և այլ երկրներից», - նշել է Վրեժ Քասունին:
Փառատոնի տնօրենի խոսքերի համաձայն, փառատոնի մրցանակային անվանակարգերը մնացել են անփոփոխ, սակայն կազմակերպիչները դրանց կատարելագործման ուղղությամբ շատ գործ են արել: «Մենք նաև մի քանի նորարարություն ունենք, որոնցից կարելի է նշել անիմացիոն ֆիլմերի բացօթյա ցուցադրումը Կասկադի համալիրում, եթե, իհարկե, եղանակը բարենպաստ լինի», - ընդգծել է նա, ավելացնելով, որ այս տարի ավելացել է արտասահմանից անվանի հյուրերի թիվը:
Փառատոնին մասնակցելու համար ժամանելու են անիմացիայի բնագավառի 23 հայտնի գործիչներ: «Սա, իհարկե, մեծ թիվ չէ միջազգային փառատոնի համար, սակայն մենք առաջնորդվում ենք. «կարևորը որակն է, այլ ոչ քանակը» սկզբունքով», - ընդգծել է նա: Փառատոնի հյուրերից է լինելու նաև Exodus Filmgroup-ի նախագահ, Walt Disney-ի նախկին աշխատակից Մաքս Հովարդը: «Մաքս Հովարդը շատ ոգևորված էր մեր փառատոնի առիթով: Նա Հայաստանն անվանել է արդի մուլտիպլիկացիայի մետաքսե ուղի», - ընդգծել է Վրեժ Քասունին: