30 օգոստոսի 2010 - 21:18 AMT
Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվեց պայմանագիր

Օգոստոսի 30-ին Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվեց պայմանագիր` 2010-2011 թվականների համար:

Դեռևս 90-ականներից Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի շնորհիվ հրատարակվել են 110 հայագիտական հատորներ, հենց այս հիմնադրամի շնորհիվ է գործում նաև ԵՊՀ հյուրերի տունը:

Մինչ այժմ Մայր բուհի և Գյուլբենկյան հիմնադրամի միջև համագործակցությունն ընթացել է բացառապես առանց պայմանագրի, սակայն այս տարի համագործակցությունը եղել է առավել պաշտոնական, նաև առավել արդյունավետ համագործակցության դաշտում:

Մայր բուհի և Գյուլբենկյան հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն` մեկ տարում ընդլայնվելու է գրահրատարակչական գործունեությունը` լույս են ընծայվելու ևս 12 անուն հայագիտական գիրք` 4500 ընդհանուր տպաքանակով, կատարվելու են մի շարք ծրագրեր, դրանք են` ԵՊՀ երիտասարդ գիտնականներին արտասահմանյան գիտական ու կրթական ուղևորությունների ֆինանսավորում, «Բանբեր.Երևանի համալսարան» գիտական հանդեսին հրատարակչական ու հոնորարային աջակցություն, օսմանագիտության զարգացման նպատակով տարվող աշխատանքների ֆինանսավորում, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի մի շարք խնդիրների կարգավորում, տարածքի ընդլայնում:

Հիմնադրամը, ըստ համաձայնագրի, հովանավորելու է ԵՊՀ բակալավրիատում և մագիստրատուրայում վճարովի համակարգում սովորող ոչ միայն սփյուռքահայ, այլև ՀՀ քաղաքացի համարվող ուսանողներին: Բացի դրանից, բանասիրության ռոմանագերմանական ֆակուլտետի պորտուգալերեն ուսումնասիրող ուսանողներին հիմնադրամը պարտավորվում է ապահովել ուսումնական ձեռնարկներով ու բառարաններով:

Հիմնադրամի տնօրեն Զավեն Եկավյանը, ով, ԵՊՀ շրջանավարտ լինելուց զատ, նաև ԵՊՀ պատվավոր դոկտոր է, նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորել է ներկա դեկաններին և համալսարանի աշխատակիցներին` նշելով, որ պետհամալսարանը հայակերտության և ազգակերտության մեծ դարբնոց է:

«Այս երեք հաստատությունները, որ ներկայացնում են մեր սրբազան օջախները, այս հուշամեդալներն ստացան որպես մեր հարգանքի հավաստիք: Մեր հիմնարկությունը պետհամալսարանի հետ ավելի քան 56 տարվա կապ ունի: Իր ստեղծման օրվանից մեր հիմնարկությունը մշտապես բարյացակամ, ընկերային ու եղբայրական կապով կապված է եղել մայր բուհի հետ»,- ասաց Զավեն Եկավյանը:

2006 թվականին Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը նշել է իր հիմնադրման 50-ամյակը, որից հետո հիմնադրամն իր բարեկամներին պարգևատրում է 50-ամյակի հոբելյանական հուշամեդալներով:

Օգոստոսի 30-ին համաձայնագրի կնքումից բացի, պատմամշակութային ազգանվեր գործունեության համար պարգևատրվեցին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյան ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը: