31 օգոստոսի 2010 - 16:14 AMT
Տեղի ունեցավ Ֆ.Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Այսօր տեղի ունեցավ նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Ֆ. Նանսենի 150-ամյակը լրանում է 2011թ-ին, և քննարկվեցին տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների կազմակերպման, նրա մարդասիրական գործունեությունը Հայաստանում և Սփյուռքում պատշաճ և լայնորեն ներկայացնելու հետ կապված հարցեր: Նշվեց, որ նորվեգացի գիտնականի անունը սերտորեն առնչվում է հայ ժողովրդի պատմությանը, և հոբելյանական միջոցառումները հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների խորացման, հայ ժողովրդի երախտիքի արտահայտման ևս մեկ հնարավորություն են: Քննարկվեց նաև Նանսենին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հայ ժողովրդի կյանքում էական դերակատարում ունեցած անձանց գործունեության համակարգված ներկայացման հնարավորությունը:

Հանձնաժողովը որոշեց առաջիկայում պետական և շահագրգիռ այլ կազմակերպությունների մասնակցությամբ մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր: Փոխվարչապետն առաջարկեց հնչեցված կարծիքներն ամփոփել, քննարկել և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել միջոցառումների ծրագրի նախագիծ, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: