2 սեպտեմբերի 2010 - 12:07 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հավանաբար թուրքերն իրենք իրենց հետ ինչ որ լուռ զրույցներ են վարում

Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից թուրքական կողմը որեւիցե կառուցողական քայլ չի արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, Թուրքիան պարբերաբար տարբեր պատրվակներով ձգձգում էր Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ Հայաստանն ապրիլին կասեցնի հայ-թուրքական գործընթացը:

«Տեսնենք, թե երբ թուրքերը պատրաստ կլինեն եւ արդյո՞ք պատրաստ կլինեն: Ի տարբերություն թուրքական կողմի մեր խոսքը եւ գործը չեն տարբերվում իրարից: Տարբեր ասեկոսներ կան թուրքական կողմից, թե իբր «լուռ դիվանագիտություն է» վարվում: Հանդիպումների ժամանակ ինձ էլ են հարցնում. այդ ինչ «լուռ դիվանագիտության» մասին է խոսքը: Հավանաբար թուրքերն իրենք իրենց հետ ինչ որ լուռ զրույցներ են վարում»,-ասել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը նշել է նաև, որ հաջորդած գործընթացները ցույց տվեցին, որ թուրքերը չեն կարող հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: «Հենց այդ պատճառով մենք կասեցրեցինք արձանագրությունների վավերացման գործընթացը: Մեր քայլերն ընդունվում են միջազգային հանրության կողմից` նրանք լիովին սատարում են մեզ»,-ասել է Նալբանդյանը: