3 սեպտեմբերի 2010 - 18:34 AMT
Ռուբեն Հախվերդյան. Ես դեմ չեմ, որ իմ երգերը երգեն նաև թուրքերեն լեզվով

«Ինձ չեն դիմել թուրքերեն լեզվով իմ երգերը կատարելու վերաբերյալ, սակայն, եթե դիմեին, ես չէի առարկի, եթե պաշտպանվեին իմ հեղինակային իրավունքները: Իմ երգերը շատ լեզուներով են երգել: Ինձ համար կարևորն այն է, որ չխեղաթյուրվի բառերի իմաստը», ասել է հեղինակ և կատարող Ռուբեն Հախվերդյանը սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Սակայն, ըստ նրա, Հայաստանում հեղինակային իրավունքները պաշտպանված չեն. «Նույնիսկ ռեստորաններում իմ երգերը երգում են և ամեն կերպ աղավաղում, սակայն մեր երկրում հնարավոր չէ օրինական կարգով հասնել նրան, որ դրանց կատարման համար տոկոսներ վճարվեն»:

Ըստ երգչի, չի կարելի խառնել քաղաքականությունն ու երաժշտությունը: Նա նշել է, որ մարդկանց լսած երաժշտությունը սերտորեն կապված է նրանց կենցաղի հետ: Կնոջը չհարգող մարդն, անշուշտ, լսելու է «ոռնոց հիշեցնող ողբալի երգեր»:

Հախվերդյանը նշել է նաև, որ Հայաստանում կան արգելված թեմաներ: Իսկ խորհրդային Հայաստանում հայկական մշակույթ չկար: «Մենք ունեինք ստեղծագործ մտավորականություն, սակայն նրա բոլոր ներկայացուցիչները Արևմտյան Հայաստանից էին, իսկ խորհրդային Հայաստանում միայն բնակչություն էր»: