7 սեպտեմբերի 2010 - 16:28 AMT
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ոլորտի խթանման համար Նորվեգիան կտրամադրի 180 հազար եվրո

Սեպտեմբերի 7-ին նորվեգական Norsk Energi-ին «Հիդրոէներգետիկա» ընկերության հետ համատեղ սկսել է իրականացնել փոքր ՀԷԿ-երի ոլորտի զարգացման խթանման քառամսյա ծրագիր: Երևանում նոր նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ Norsk Energi ընկերության նախագծի ղեկավար Իյուն Ջու Յին հայտնել է, որ ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի ԱԳՆ կողմից և ուղղված է փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հնարավորությունների զարգացմանը:

Ըստ նրա, Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ոլորտի խթանման համար Նորվեգիան կտրամադրի 180 հազար եվրո: Բացի այդ, իր ակտիվ աջակցությունն այդ նախագծին կցուցաբերեն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որը փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման առաջատարն է, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Աջակցություն վերարտադրվող էներգետիկային» հայ-գերմանական հիմնադրամի ծրագիրը, որ ֆինանսավորում է գերմանական KfW բանկը, ինչպես նաև Երևանի պետական ճարտարապետության ու շինարարության համալսարանը:

Նախնական ներդրումներն ու աջակցությունը ծրագրի շրջանակներում կնպաստեն նոր կրթական մեթոդների և նույթերի կիրառմանը փոքր ՀԷԿ-երի ոլորտում, ինչպես նաև կխթանեն պետական և մասնավոր հատվածի շահագրգռվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի կայունության ու անկախության հարցում:

Norsk Energi ընկերության ծրագիրը հնարավորություն է տալիս բավարարել խիստ տեխնիկական և բնապահպանական չափանիշներին հիդրոէներգետիկայի ոլորտի համապատասխանեցման աճող պահաջարկին: Ծրագրով նախատեսվում է 4-6 նոր կամ գործող ՀԷԿ-երի սեփականատերերի կամավոր մասնակցությունը, որոնց կտրամադրվեն նախնական նախագծեր ու բիզնես-ծրագրեր:

Տնօրինության նախագահ` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը իր հերթին հայտարարեց, որ այդ ծրագիրը մեծ ներդրում կլինի հիդրոէներգետիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների ուսուցման հարցում, և պատրաստակամություն է հայտնել կազմակերպել լավագույն ուսանողների գործնական պարապմունքները` հետագայում աշխատանք առաջարկելով նրանց: