Ադրբեջանական դատարանը չկարողացավ ապացուցել, որ ձերբակալված զինծառայողները համագործակցել են հայկական հատուկ ծառայությունների հետ: Ծանր հանցագործությունների գծով զինվորական դատարանում հրապարակվել է ադրբեջանական բանակի երկու զինվորների` Մուհամմեդ Բեհբուդ օղլու Փաշաևի և Ռախիլ Բալօղլան օգլու Ալիևի դատավճիռները, որոնք մեղադրվում էին պետական դավաճանության և զորամասի զինվորներին հալածանքների ենթարկելու մեջ:
Պետական դավաճանության 274 հոդվածով մեղադրանքը չապացուցվեց: Զինվորներին դատապարտեցին զինծառայողների կանոնադրական հարաբերությունների խախտման համար: Ալիևին դատապարտեցին 5, իսկ Փաշաևին` 4 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրական եզրակացության, այդ զինվորները ինքնակամ լքելով մարտական դիրքը մարտական հերթապահության ժամանակ, հանդիպել են թշնամու զինվորների հետ: Այդ հանդիպումների ժամանակ նրանք համաձայնվել են համագործակցել, հետո ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն են տրամադրել հայերին: Բացի այդ, նրանք հալածանքների են ենթարկել իրենց զորամասի զինվորներին, գրում է «Թրենդ» գործակալությունը: