8 սեպտեմբերի 2010 - 14:30 AMT
FAO-ն պարենային ճգնաժամ չի կանխատեսում

Սննդամթերքի շուկան առավել փոփոխական կդառնա և միջազգային հանրությունը պետք է կանոնակարգման ուղիներ գտնի: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի տնտեսական և սոցիալական զարգացման գծով տեղակալ Հաֆեզ Հանեմի հայտարարության մեջ, որը զետեղծվել է FAO-ի պաշտոնական կայքում:

Մեկնաբանելով համաշխարհային պարենային շուկայում առկա իրավիճակը` Հանեմն ասել է, որ G20-ի երկրները կարող էին գլխավորել շուկայի կայունացման միջոցների մշակումը:

Ըստ նրա, չնայած ցորենի արտադրության պակասին Ռուսաստանում, բերքն այս տարի խոշորագույններից է աշխարհում, որի պաշարները բավական մեծ են:

Անդրադառնալով ՌԴ-ում ցորենի արտահանման արգելքին, որը կտևի մինչև 2011թ., նա նշել է, որ նման արգելքները հանգեցնում են շուկայի անկայունությանը և նպաստում են գների աճին աղքատ ներկրող երկրներում և բացասաբար են անդրադառնում արտադրող երկրի գործարարների վրա:

Երկարաժամկետ պարենային անվտանգության ապահովման առանցքային գործոնը ներդրումներն են զարգացող երկրների գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի նրանք կարողանան արտադրել սննդամթերքի լրացուցիչ քանակ` կերակրելու համար մարդկությանը, որը 2050թ. կկազմի 9 միլիարդ: