8 սեպտեմբերի 2010 - 18:34 AMT
Հայաստանում երիտասարդական քաղաքականությունը զուրկ է ուշադրությունից, իսկ գոյություն ունեցող ծրագրերն ընդամենը PR գործողություններ են

Հայաստանում պատշաճ ուշադրություն չի դարձվում երիտասարդական քաղաքականությանը: Գոյություն ունեն, իհարկե, մի քանի կառավարական ծրագրեր այդ բնագավառում, սակայն դրանք ռազմավարական բնույթ չեն կրում: Այդ ծրագրերն ավելի շուտ, PR գործողություններ են, այլ ոչ իրական ռազմավարություն` ուղղված կրթության և զբաղվածության բնագավառում երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀԵԿ տեղեկատվավերլուծական ծառայության պետ Արտակ Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքերի համաձայն, ՀԵԿ-ը նախաձեռնել է մի մեծ ծրագիր, որն անվանել է «Ռազմավարություն 2020»: Այն ընդգրկում է երկու նախագիծ`ստեղծել երիտասարդ կադրերի ռեզերվ և երիտասարդական կառավարության ձևավորում: «Երիտասարդության կադրերի ռեզերվը բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների տվյալների բազան է: Այդ տվյալները հավաքելուց հետո մենք դրանք կներկայացնենք գործատուներին և այդ ծրագրի շնորհիվ կարող ենք օգնել զբաղվածության բնագավառում երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը», - ասել է նա:

Երիտասարդական կառավարության նախագծին անդրադառնալով, Արտակ Խաչատրյանն ասել է, որ այդ ծրագրի շրջանակներում ընտրվելու են առանձին բնագավառների նախարարներ, որոնք պետք է զբաղվեն գոյություն ունեցող հիմնախնդիրներով և լուծման տարբերակներ առաջարկեն: «Իսկ մենք կջանանք դրանք ներկայացնել մեր երկրի ղեկավարությանը», - ընդգծել է նա: Այնուհետև նշել է, որ կուսակցությունն ակտիվ պայքար է մղում աղանդավորության դեմ, քանի որ դա, իրենց կարծիքով, խարխլում է պետությունը:

ՀԵԿ անդամը ողջունել է վերջերս կնքված հայ-ռուսական պայմանագիրը`Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետները երկարաձգելու մասին: «Հայաստանում ռուսական ռազմաբազաների հզորության մեծացումը միայն ամրապնդում է մեր երկրի պաշտպանունակությունը», - ընդգծել է Խաչատրյանը: Նա նաև ավելացրել է, որ համաձայն չէ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությանը, ըստ որի Հայաստանում ռուսական ռազմաբազաները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար: «Վրաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ ռուսական զորքերի դուրս գալուց հետո Վրաստանը կորցրեց իր տարածքները», - ընդգծել է նա: