«Ֆրանսահայ ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր Սերժ Ավեդիքյանի «Շների կղզի» ֆիլմը կցուցադրվի ReAnimania փառատոնի առանձին ծրագրում: Այդ մասին խնդրել է ինքը` Սերժ Ավեդիքյանը»,- լրագրողներին է հաղորդել ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնի նախագահ Վրեժ Կասունին: Նրա խոսքով, ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ռեժիսորին:
«ReAnimania փառատոնի մրցութային ծրագրին մասնակցելու նպատակով այս տարի 230 ֆիլմ է ստացվել, որոնցից 12-ը` Հայաստանից: Մրցութային ծրագրում կներկայացվեն 3 ֆիլմեր` Արա Մուրադյանի «Ջոն Սիլվերը», Նաիրա Մուրադյանի «Հրեշտակը քաղաքում» և Սեբաստյան Լերմիտի «Բնության կարիքները»,- հաղորդել է ReAnimania փառատոնի հայտերի համակարգող Կարինե Արոյանը:
Նրա խոսքով, վերջին անիմատորը պրոֆեսիոնալ ռեժիսոր չէ: Նա բնապահպանական կազմակերպություններից մեկի կամավորներից էր, որոնց համար էլ պատրաստվել է ֆիլմը: Կարինե Արոյանը նշել է նաև, որ ստացված հայտերի քանակով բացարձակ ռեկորդ է սահմանել Ֆրանսիան, որը 80 ֆիլմ է ուղարկել մրցութային ծրագրի համար: Այս տարի ֆիլմեր են ստացվել նաև Ճապոնիայից, Չինաստանից, Սինգապուրից և այլ ասիական երկրներից, ինչը մեծ ձեռքբերում է փառատոնի համար: