«Քանի որ այս տարի նշվում է Ռոբերտ Սահակյանցի 60-ամյակը, ապա ReAnimania փառատոնում կցուցադրվի նրա ֆիլմերի հետահայաց շարքը` ամենաառաջիններից մինչև վերջինը»,- ասել է հայ մեծ անիմատոր Ռոբերտ Սահակյանցի որդի Դավիթ Սահակյանցը` ավելացնելով, որ այս տարի Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ հանձնելու արձանիկ է պատրաստվել:
«Մենք արդեն պատրաստել ենք արձանիկը: Դիզայնով այն ունիկալ է և իր մեջ պարունակում է Ռոբերտ Սահակյանցի ստեղծագործական ժառանգությունը: Ցավոք, մենք Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ սահմանեցինք նրա մահից մեկ շաբաթ անց: Այն կշնորհվի ամեն տարի արտասահմանյան անիմատորներից մեկին»,- նշել է ReAnimania փառատոնի տնօրեն Վրեժ Կասունին: Նա ավելացրել է նաև, որ կազմակերպիչները շատ լուրջ են վերաբերվել փառատոնի ընթացքում Ռոբերտ Սահակյանցի հիշատակի երեկոյի նախապատրաստմանը: «Մենք շատ լավ գիտենք, թե նա որքան չէր սիրում փառատոնները, քանի որ ավելի շատ սիրում էր արարել, քան խոսել»,- ընդգծել է Վրեժ Կասունին:
Ռոբերտ Սահակյանցի հիշատակի երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: