10 սեպտեմբերի 2010 - 18:07 AMT
Պաշտոնական Թբիլիսին հերքում է վրացա-ադրբեջանական կոնֆեդերացիայի ստեղծման մասին տեղեկատվությունը

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել է վրացա-ադրբեջանական կոնֆեդերացիայի ստեղծման մասին տեղեկատվությունը:

Ինչպես հայտնել է Գրիգոլ Վաշաձեն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` վրացա-ադրբեջանական կոնֆեդերացիայի ստեղծման նախաձեռնության մասին ասվել է Վրաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններն ընդգծող համատեքստում:

«Պետք է ուշադիր լսել նախագահին: Նա բազմիցս կրկնել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները դուրս են եկել ռազմավարական հարաբերությունների շրջանակից և փաստացիորեն կոնֆեդերացիայի մեջ գտնվող երկրների միջև հարաբերությունների բնույթ են ստացել: Դա չի նշանակում, որ մենք միասնական իրավական բազա կստեղծենք և կմիավորենք օրենսդիր մարմինն ու Սահմանադրությունը: Մենք խոսում ենք այն մասին, որ Վրաստանն ու Ադրբեջանը սերտ և համակարգված հարաբերություններ ունեն»,- հայտնել է Գրիգոլ Վաշաձեն, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը:

Վրաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆեդերացիայի ստեղծման հեռանկարները հնչեցվել էին այս տարվա հուլիսին` նախագահներ Իլհամ Ալիևի և Միխայիլ Սահակաշվիլիի հանդիպման ժամանակ Աջարիայում: