10 սեպտեմբերի 2010 - 20:51 AMT
Հայաստանում ընտրվել են «Տարվա ապրանքատեսակ» մրցանակի դափնեկիրները

Երևանում տեղի ունեցավ «Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում է սննդամթերքի և ամենօրյա օգտագործման ապրանքատեսակների անվանակարգերում: Այն անցկացվում է «Ժողովրդի ընտրանքը ապրանքատեսակի միակ և գերագույն գնահատականն է» նշանաբանով:

Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանն իր ողջույնի խոսքում հայտարարել է, որ ձեռնարկատերերն այս մրցանակի կարիքն ունեին, ինչն էլ արտահայտում է ժողովրդի կարծիքը: Նա հայտնել է, որ մրցույթին ներկայացվել էին 60 կազմակերպությունների 100 ապրանքատեսակ, սակայն մրցանակ ստացել են 14 ընկերություններ` 26 անվանակարգերում: Ապրանքների գնահատման չափանիշը վաճառքի ծավալն է` քանակային արտահայտմամբ:

Մրցանակներ են տրվել հետևյալ անվանակարգերում` «Կիլիկիա» գարեջուր («Երևանի գարեջուր» ձեռնարկություն), բնական հյութ և նեկտար` «բնական հյութեր և նեկտարներ «Դոբրի» («Կոկա-կոլաՀԲՔ Արմենիա), «Արաքս» թռչնի միս («Արաքս թռչնաֆաբրիկա»), մակարոնեղեն` «Պաստա իմպերիա» («Թալգրիգ»), մեքենայի յուղ` «Valvoline» («Մոսեսքո») և այլն:

Բացի այդ, «Տարվա բացում» մրցանակ է ստացել Frederic M (FMD), իսկ լավագույն մրցանակ են ստացել «Բարի սամարացի» ընկերությունը և «Շող» մսամթերքի կոմբինատը: