11 սեպտեմբերի 2010 - 11:33 AMT
Տուապսե քաղաքում տեղի կունենա «Ոսկե ծիրան» փառատոնը

Սեպտեմբերի 19-ին Տուապսեի «Ռոսիա» կինոթատրոնում տեղի կունենա հայկական մշակույթի «Ոսկե ծիրան» փառատոնը: Փառատոնի հիմնադիրն ու կազմակերպիչը Ռուսաստանի հայերի միության Տուապսեի բաժանմունքն է: Փառատոնի ծրագրում ընդգրկվել են ազգային կենցաղային իրերի, տարազի, գրականության ցուցահանդեսները, հատուկ զվարճալի ծրագիր է մշակվել երեխաների համար` ազգային խաղեր, ասմունքի մրցույթ: Տեղի կունենա նաև ազգային խոհանոցի ուտեստների ցուցահանդես-վաճառք, ուտեստների պատրաստման վարպետության դաս կտրվի, ինչպես նաև պարարվեստի վարպետության դաս բոլոր ցանկացողների համար, ելույթ կունենա փողային նվագախումբը, համերգային ծրագրող հանդես կգան Տուապսեի շրջանի երաժշտական և պարային կոլեկտիվները:

Փառատոնի պատվավոր հյուրն է Հայաստանի վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: