12 սեպտեմբերի 2010 - 16:51 AMT
Արմեն Երիցյան. Հայաստանը միշտ համարվել է աղետների լաբորատորիա, երկրի տարածքում կա գրեթե ամեն ինչ, բացի ցունամիից

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի` տարերային աղետների հետևանքների լիկվիդացման «Հայաստան 2010» զորավարժությունները շատ կարևոր են, քանի որ դրանք առաջին անգամ են տեղի ունենում մեր երկրի տարածքում»,- լրագրողներին է հայտնել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքով, այդ զորավարժություններում կարևորը փորձի փոխանակումն է: Ընդ որում, Երիցյանը նկատել է, որ 29 պետություններից 16-ը Որոնողա-փրկարարական օպերացիաների հարցերով միջազգային խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) անդամ են:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի անդամակցի ԻՆՍԱՐԱԳ-ին, Երիցյանն ասել է, որ առաջին հերթին երկիրը պետք է հաճախ մասնակցի նման զորավարժություններին, որպեսզի ցույց տա իր հնարավորությունները, ինչպես նաև իրականացնի իր փրկարարների տեխնիկական վերազինումը:

Ընդ որում, անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի աղետների կարող է դիմակայել երկիրը, Երիցյանն ասել է. «Հայաստանը միշտ համարվել է աղետների լաբորատորիա, երկրի տարածքում կա գրեթե ամեն ինչ, բացի ցունամիից»: Երիցյանը նշել է նաև, որ երկիրը պետք է պատրաստ լինի ցանկացած տարերային աղետների:

Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք որևէ խնդիրներ են առաջացել կապված զորավարժություններին թուրք փրկարարների մասնակցության հետ, Երիցյանը նշել է, որ ոչ մի խնդիրներ չեն առաջացել: «Վեց թուրք փրկարարներ արդեն ժամանել են, մնացած չորսը շուտով կժամանեն»,- հաղորդել է նա:

Անդրադառնալով զորավարժություններին ադրբեջանցի փրկարարների մասնակցությանը` ՀՀ ԱԻ նախարարն ասել է, որ ՆԱՏՕ-ն հրավիրել էր բոլորին, «իսկ այն, որ ադրբեջանցի փրկարարները չեն ժամանել, արդեն նրանց խնդիրն է»:

Այսօր Լուսակերտում բացվեցին տարերային աղետների հետևանքների լիկվիդացմանը նվիրված «Հայաստան 2010» ՆԱՏՕ-ի պաշտոնական զորավարժությունները: Զորավարժություններին կմասնակցեն 333 փորձագետներ ու դիտորդներ 28 երկրներից ու 5 միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանի 373 ներկայացուցիչներ: Զորավարժությունները կընթանան երեք փուլով` նախապատրաստական աշխատանքներ և թիմա-շտաբային զորավարժություններ (սեպտեմբերի 11-13), դաշտային զորավարժություններ (սեպտեմբերի 14-15), քննարկումներ և արդյունքների ամփոփում (սեպտեմբերի 16):