Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի հետաձգված խաղը: Կապանում «Գանձասարն» ընդունեց «Փյունիկին» և զիջեց 0:3 հաշվով: Գոլեր խփեցին Էդգար Մանուչարյանը, Մարկոս Պիզելլին և Հովհաննես Գոհարյանը:
Առաջնության առաջատարը շարունակում է մնալ «Բանանցը», որն ունի 48 միավոր: «Փյունիկը» բարձրացավ երկրորդ հորիզոնական 43 միավորով, «Ուլիսը» շարունակում է հետապնդել գործող չեմպիոնին և 42 միավորով եզրափակում է առաջատարների եռյակը: Այդպիսով, չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն այդ երեք ակումբները:
«Փյունիկն» ու «Բանանցը» կհանդիպեն նաև Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի խաղարկության ժամանակ, որը կանցնի սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղը կսկսվի 17:00-ին, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: