«Ձերդ Գերազանցություն
Մենք մի խումբ պատանիներ ենք Հայաստանից և Եվրոպայից, ովքեր ուսումնասիրում են Փոքր Ասիայի պատմությունը։ Այս տարվա օգոստոսին մենք մեկնեցինք շրջագայության Արևելյան Անատոլիայում։ Այնտեղ, ցավալիորեն, տեսանք բազում հայկական հուշարձաններ ու վանքեր, որոնք ավերված էին: Այդ տարածաշրջանում ամբողջական մնացած միակ հուշարձանը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ խաչ վանքն է, որը 10-րդ դարի հայ ճարտարապետության և արվեստի գլուխգործոցներից է:
Ժամանելով Աղթամար` այնտեղ հանդիպեցինք թուրք ոստիկանների կոպիտ ու բռի վերաբերմունքին: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների աչքի առաջ ոստիկանները մեզ դուրս վռնդեցին եկեղեցուց` վախեցած մեր բարձրաձայն աղոթքից: Մեզ չթողեցին անգամ մոմ վառել, ինչպես կարգն է Հայոց առաքելական սուրբ եկեղեցում: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին` Ձեր կառավարության կողմից ի ցույց ամբողջ աշխարհին թույլատրված Հայոց պատարագ մատուցելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ:
Պարոն վարչապետ
Թերթերում Ձեր մասին գրում են, որ Դուք հավատացյալ եք, քարոզում եք հոգևոր արժեքներ: Անգամ կարդացել ենք, որ Դուք ժամանակին ազատազրկված եք եղել կրոնական ոտանավոր արտասանելու համար:
Մենք չենք հասկանում, թե ինչո՞ւ են նման մարդու ղեկավարած երկրի ոստիկանները խոչընդոտում քրիստոնյա երեխաների աղոթքին, ինչո՞ւ են այդ ոստիկանները նյարդայնանում ու բռնանում պատանիների հանդեպ: Մեր միակ «հանցագործությունը» եկեղեցում հոգևոր երգ ու աղոթք բարձրաձայնելն էր:
Մենք ուզում ենք հարցնել Ձեզ` ինչո՞ւ հոգևոր արժեքների մասին խոսող Ձեր կառավարությունը թույլ չի տալիս խաչ տեղադրել այդ եկեղեցու գմբեթին, և այդպիսով կասկածի տակ է դնում այս տարվա սեպտեմբերի 19-ին պատարագ մատուցելու իր անկեղծությունը: Արդյո՞ք մեր աղոթքը կամ գմբեթի խաչը սպառնալիք են Ձեր երկրին: Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում 21-րդ դարում, մի երկրում, որը Եվրոպայի խորհրդի անդամ է և ցանկանում է Եվրոպական միության անդամ դառնալ: Մենք անձամբ եղանք Ձեր երկրում տիրող այդ անհասկանալի կարգերի ու բռնության ականատեսը: Ձեր ոստիկանների վարքը հարիր չէ ժամանակակից աշխարհին: Անցել են այլևս այն ժամանակները, երբ աշխարհում տիրում էր բիրտ ուժը։ Այսօր աշխարհում կան օրենքներ, որոնք պաշտպանում են մարդու և երեխաներիս իրավունքները: Այդ թվում նաև` աշխարհի որևէ վայրում հոգևոր երգ կամ աղոթք անելու մեր իրավունքը»։