15 սեպտեմբերի 2010 - 20:04 AMT
ՀՀ էներգետիկայի նախարարը գտնում է, որ ուրանի արդյունահանումը չի խանգարի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը

Հայաստանի կառավարությունը որևէ ընկերության լիցենզիա չի տվել Սյունիքի մարզի ուրանի հանքավայրերի շահագործման համար, երկրի գործադիրը միայն լիցենզավորել է այդ տարածքում հետազոտությունների իրականացումը` ուղղված ուրանի հանքավայրերի հայտնաբերմանը: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով, դեռևս շատ վաղ է խոսել այդ հանքավայրերի շահագործման մասին, քանի որ միայն 3-5 տարի հետո պարզ կլինի` արդյոք Հայաստանում կա ուրան, թե ոչ: «Եթե ուրանի պաշարների գոյության փաստը հաստատվի, որոնց շահագործումը բնապահպանական սպառնալիք չի ներկայացնի, ապա ինչո՞ւ չարդյունահանենք այն»,- ընդգծել է երկրի գլխավոր էներգետիկը: Նա ավելացրել է նաև, որ խնդիր չի տեսնում Սյունիքի մարզում ուրանի արդյունահանման և զբոսաշրջության զարգացման համատեղման հարցում: