«Իրականում համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լուրջ ճշգրտումներ մտցրեց մեր ծրագրերում»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, մինչ այդ շուրջ 10 տարի Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճ ուներ: «Մեր պետական պարտքը փոքր էր, իսկ մակրոտնտեսական ցուցանիշները լավն էին: Սակայն մեկուսացումը, շահավետ տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայությունը միշտ խնդրահարույց է եղել, և, ցավոք, մեր տնտեսությունը բավականաչափ դիվերսիֆիկացված չէր»,-ասել է ՀՀ նախագահը:
Ընդ որում նա նշել է, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները աճել են, այդ թվում նաև շինարարության և այն միջոցների հաշվին, որոնք երկիրը ստանում էր Սփյուռքից: «Համաշխարհային ճգնաժամի հետևանքների և այն պատճառով, որ շատ մարդիկ խուճապի մատնվեցին, մեր տնտեսությունը ծանր հարված ստացավ, մենք կորցրեցինք ՀՆԱ-ի 14 տոկոսը: Սակայն, նույնիսկ այս իրավիճակում մենք չհրաժավեցինք մեր սոցիալական ծրագրերից, ոչ մի օրով չուշացան կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի վճարումները»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ գուցե, դա, ինչպես նաև այն, որ Հայաստանում վաղուց արդեն շուկայական տնտեսություն է ձևավորվել, քիչ թե շատ բարենպաստ ներդրումային մթնոլորտը, բանկային համակարգի կայունությունը և հայերի ձեռներեցությունը, թույլ են տալիս վերականգնել անցյալ տարվա կորուստները: «Ցավոք, այժմ ամեն ինչ հարթ չէ: Բնությունն իր անակնկալներն է մատուցում, և արդյունաբերության գրթե 12 տոկոս աճի պայմաններում, մենք 25 տոկոս անկում ունենք գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի մենք կորցրեցինք ծիրանի, այլ մրգերի ողջ բերքը, ցորենի հետ ամեն ինչ կարգին է, սակայն, չնայած այս ամենին, կիսամյակի արդյունքներով մենք ունենք 7 տոկոս աճ: Ես կարծում եմ, որ տարին մենք կավարտենք դրական ցուցանիշներով, թեև հազիվ թե կարողանանք 100 տոկոսով վերականգնել այն, ինչ կորցրեցինք 2009-ին»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Ընդ որում, նա նշել է, որ այսօր ՀՀ պետպարտքը չի գերազանցում ՀՆԱ-ի ցուցանիշի կեսը: «Եթե դատենք ըստ վերցրած վարկերի, այն շուրջ 40 տոկոս է կազմում, իսկ եթե ըստ ստորագրված պայմանագրերի՝ 47-48 տոկոս: Դրանք նորմալ ցուցանիշներ են, չէ որ ես կարող եմ շուրջ մեկ տասնայկ զարգացած երկրներ նշել, որոնց պետպարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100 տոկոսը»,-ասել է Հայաստանի նախագահը, գրում է ուկրաինական «Պրոֆիլ» ամսագիրը: