17 սեպտեմբերի 2010 - 16:13 AMT
Ինեկոբանկն այսուհետ կմատուցի նաև ապահովագրական գործակալի ծառայություններ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն այսուհետ կարող է մատուցել նաև ապահովագրական գործակալության ծառայություններ: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Հայաստանի Կենտրոնական բանկն Ինեկոբանկին համապատասխան վկայական է հանձնել:

Բանկում սկսվել է ակտիվ գործընթաց ապահովագրական գործակալի ծառայության մշակման և ներդրման ուղղությամբ: Ծառայության շրջանակներում Բանկը կհամագործակցի ապահովագրական ոլորտի առաջատար ընկերությունների հետ` իր հաճախորդներին առաջարկելով մի շարք ապահովագրական ծառայություններ, որոնք հաճախորդները ձեռք կբերեն հենց Բանկում:

Ապահովագրական գործակալության առաջին պայմանագիրը Ինեկոբանկը կնքեց “ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ” ապահովագրական ընկերության հետ: Պայմանագրով նախատեսվում են ցամաքային տրանսպորտի ապահովագրություն, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն, աջակցության ապահովագրություն, ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն, հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, առողջության ապահովագրություն և ֆինանսական վնասների ապահովագրություն:

Առաջին ապահովագրական ծառայությունը, որը կառաջարկի Ինեկոբանկը իր հաճախորդներին, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է:

Բանկի համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցները հաճախորդների համար կիրականացնեն նաև անվճար խորհրդատվություն և բացատրական աշխատանքներ: