17 սեպտեմբերի 2010 - 16:20 AMT
Հայփոսթը խոստանում է ինտերնետ-գնումները Հայաստան հասցնել առանց մաքսազերծման

Փոստի հայկական օպերատոր Հայփոսթի բաժանմունքների վերակառուցումից և նոր սարքավորումներով վերազինելուց հետո հայ սպառողները կկարողանան արտերկրում ձեռք բերված ապրանքները ստանալ առանց մաքսային ձևակերպման: Այդ մասին լրագրողներին է ասել «Հայփոսթ» ՓԲԸ-ի կառավարիչ Խուան Պաբլո Գեչիչյանը:

Ըստ նրա, Հայփոսթի միջոցով մինչև 50 հազար դրամ արժողությամբ ապրանքները սահմանը կհատեն «կանաչ միջանցքով», իսկ տարեկան երկու անգամ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ներմուծել մինչև 150 հազար դրամ արժողությամբ ապրանքները:

Ընթացիկ տարում վերանորոգվել է Հայփոսթի շուրջ 42 փոստային բաժանմունք, իսկ մինչ 2015թ. նախատեսվում է վերանորոգել 250 փոստային բաժանմունքներ, ինչի համար կծախսվի շուրջ 4 մլրդ դրամ: