Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրայցելել էԱրմավիրի մարզում գտնվող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի (Հայաստանի հողեր) տնտեսություն: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետագա ներդրումային ծրագրերին, զրուցել բերքահավաքին մասնակցող աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով:
«Տիեռաս դե Արմենիա»-ն, լինելով գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություններից մեկը, նաև ներմուծում է խաղողի այգիների մշակության ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարևորվում է խաղողագործության բնագավառում նոր մշակույթի և ագրոտեխնոլոգիաների տարածման ու եկամտաբերության բարձրացման առումով:
Արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին պատկանող հայկական այս ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2004թ. նոյեմբերից: «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ն Բաղրամյան և Արևադաշտ գյուղերի հարևանությամբ սեփականության իրավունքով ձեռք է բերել շուրջ 2300 հա անմշակ հող: Ընկերության զարգացման 15-ամյա ծրագրով նախատեսվում է այդ հողատարածքի 80%-ը դարձնել մշակովի, իսկ մնացած 20%-ը, քարքարոտ և գյուղատնտեսական առումով անպիտան լինելու պատճառով, օգտագործվելու է ենթակառուցվածքների զարգացման նպատակով:
Մինչ այժմ, ընկերությունը ներդրել է մոտ 37 մլն ԱՄՆ դոլար, ստեղծվել է շուրջ 400 մշտական և շուրջ 200 ժամանակավոր (սեզոնային) աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը ծրագրում է առաջիկա 5-6 տարիների ընթացքում նոր այգիներ հիմնելու նպատակով կատարել լրացուցիչ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: