
Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամ է տիրում, ինչի մասին են վկայում 13 քաղբանտարկյալները, 2008 թ. մարտի 1-ի 10 զոհերի չբացահայտված սպանությունները և Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման արգելումը: Այս մասին ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա կարծիքով, Հայաստանում գործող ոչ լեգիտիմ իշխանության գործունեության հանդեպ աչքերը փակում է նաև միջազգային հանրությունը: «Մենք որևէ հույս չենք կապում Եվրախորհրդի հետ, միայն հավատում ենք մեր սեփական ուժերին: Սակայն քանի որ երկրում և երկրից դուրս գործում են մարդիկ, ովքեր աչքերը փակում են տիրող իրականության հանդեպ, ապա մենք հայտարարում ենք, որ ՀԱԿ-ը հանրահավաքների և երթերի նոր շրջան է սկսում: Դրանով մենք ողջ աշխարհին ցույց կտանք, որ Հայաստանում հասունացել է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների պահը», - ասել է Զուրաբյանը: Նա հաղորդել է նաև, որ հաջորդ հանրահավաքն ու երթը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին` Հայաստանի վերաբերյալ Մոնիթորինգային հանձնաժողովի նիստից 4 օր առաջ: Այդ օրը երթի ժամանակ Երևանում գտնվող ԵԽ ներկայացուցչությանն են հանձնելու ՀԱԿ պահանջները:
PanARMENIAN.Net-ի թղթակիցը հանրահավաքի թեժ կետից հաղորդել է, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել է, թե այն նախագահը, որը չի ստացել երկիրը ղեկավարելու իրավունք, չպետք է ստորագրեր ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետների երկարաձգման մասին պայմանագիրը: «Այդ պայմանագիրը բացահայտ վախի օրինակ է: Հայաստանի իշխանությունը համաձայնել է այն բանին, որ մենք մեր շահերը համաձայնեցնենք Ռուսաստանի հետ, իսկ որոշ դեպքերում նաև նրան զոհ մատուցենք», - ասել է Արամ Սարգսյանը: