Սեպտեմբերի 19-ին Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարություն, որն այս տարի նվիրված է Հայաստանում կամավորության գաղափարի զարգացմանը:
Քաղաքացիական հասարակության օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2009թ.-ին` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը և նպատակ ունենալով հայաստանյան հասարակության շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը:
Այս տարի կազմակերպիչներն ընտրել են կամավորության թեման` որպես քաղաքացիական ակտիվության և մասնակցության հիմնաքար: Միջոցառման նպատակն է հանրությանն իրազեկել Հայաստանում իրականացվող կամավորական գործունեության մասին, ինչպես նաև խրախուսել յուրաքանչյուրին` իր կամավորական ներդրումը կատարել հօգուտ իր համայնքի և երկրի:
Միջոցառման կազմակերպիչներն ու աջակիցներն են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը, ԱՄՆ Խաղաղության Կորպուսը Հայաստանում, «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպությունը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության բաժինը, «Անտարես հոլդինգը», Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիան, և մի շարք այլ կազմակերպություններ ու անհատներ:
Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարությանը կմասնակցեն շուրջ 1000 հոգի, ներառյալ պետական և միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների, քաղաքացիական հասարակության կառույցների, առևտրային ընկերությունների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ: