20 սեպտեմբերի 2010 - 13:18 AMT
Հայաստանի առաջնությունում «Փյունիկը» 46 միավորով երկրորդ տեղում է

Այս հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 21-րդ տուրի խաղերը: «Փյունիկը» կարողացավ խոշոր հաշվով հաղթել «Կիլիկիային» (5:0): Առաջին գոլը խփեց Գևորգ Ղազարյանը, որը խաղից հետո 12 գոլերով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Մարկոս Պիզելին իրացրեց 11-մետրանոց հարված, Հովհաննես Գոհարյանը դուբլի հեղինակ դարձավ, իսկ Դավիթ Մանոյանը խփեց վերջին գոլը:

Դիլիջանում «Իմպուլսը» և «Գանձասարը» ոչ ոքի խաղացին (1:1): Նույն հաշիվը գրանցվեց «Շիրակ»- «Բանանց» խաղում:

«Հրազդան» մարզադաշտում «Ուլիսն» ընդունեց «Միկային» և զիջեց 1:2 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Շոթա Ջիկիան («Ուլիս»), Էդիլսոն ժունիորը և Ալեքսանդր Թադևոսյանը:

21-րդ տուրից հետո առաջնությունը գլխավորում է «Բանանցը»` 49 միավոր, «Փյունիկը» 46 միավորով երկրորդն է, «Ուլիսը»` 42-ով երրորդը: