22 սեպտեմբերի 2010 - 11:31 AMT
Հայաստանի շախմատի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով

Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրը: ՀՀ տղամարդկանց հավաքականի մրցակիցն էր Կոստա Ռիկայի հավաքականը, որին հայ շախմատիստները առանց առաջատար Լևոն Արոնյանի, կարողացան հաղթել 3:1 հաշվով:

Հաղթական միավորներ մեր հավաքականին բերեցին Գաբրիել Սարգսյանն ու Ավետիք Գրիգորյանը՝ հաղթելով համապատասխանաբար Վալդես Լեոնարդոյին ու Ռուիս Սեբաստիանին: Իսկ Վլադիմիր Հակոբյան-Արիաս Սանտանա Մաուրիցիո և Արման Փաշիկյան-Բեռնալ Գոնսալես պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: ՀՀ հավաքականը օլիմպիադայում 6-րդն է վարկանիշով, իսկ Կոստա Ռիկայինը՝ 78-րդը:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ավստրալիայի հավաքականի հետ, որն առաջին տուրում 4:0 հաշվով հաղթեց Բահրեյնի հավաքականին:

ՀՀ կանանց հավաքականը նույնպես համոզիչ հաղթանակ տարավ ֆիզիկական խնդիրներ ունեցող շախմատիստուհիների թիմի հանդեպ 3,5:0,5 հաշվով: Ոչ ոքի է խաղացել միայն Նելլի Աղինյանը, իսկ մյուս երեքը՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը մեկական միավոր վաստակեցին: Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիները կխաղան Չեխիայի հավաքականի հետ: