Սեպտեմբերի 17-18-ը Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության եւ Ժնեւի բարձրագույն որակավորման ինստիտուտի հրավերով Ժնեւում էր գտնվում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը`«ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստմանն ուղղված Եվրոպական անվտանգության երկխոսություն» անվտանգության սպառնալիքների հանդեպ ԵԱՀԿ կարողությունների ամրապնդում թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով:
Համաժողովին մասնակցում էին Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Մոլդովայի, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Հունգարիայի դեսպանները, եվրոպական հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում առանձին նիստ գումարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին քաղաքական վարչության պետ Քրիստիան Մովլին:
Ծավալված քննարկումներին ներկայացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ կարգավորման ընթացքը, ինչպես նաեւ բանակցային գործընթացի ներկա դժվարություններն ու հեռանկարները: Քննարկման մասնակիցները կարեւորեցին Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը եւ երկարամյա համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք բերված փորձառությունը, որպես հակամարտության կարգավորման բացառիկ գրավական:
Սեպտեմբերի 19-ին Արման Կիրակոսյանը Ժնեւի (Տրուանեի) Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում մասնակցեց Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված պատարագին եւ հանդես եկավ շվեյցարահայ համայնքին ուղղված ուղերձով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: