Սեպտեմբերի 19-ին Ամստերդամի «De Nieuwe Ooster» գերեզմանատան կենտրոնական հրապարակներից մեկում տեղի ունեցավ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում զոհված հայ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողություն, որը կատարեցին հոլանդահայ հոգեւոր առաջնորդ Տաթեւ վարդապետ Մուրադյանը եւ Հաագայում ՀՀ հյուպատոս Արշակ Մանուկյանը, որից հետո տեղի ունեցավ խաչքարի օծման ծիսակատարություն:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, խաչքարը պատրաստված է բելգիական բազալտ քարից, քանդակագործն է հոլանդաբնակ Էդուարդ Հարությունյանը, որի «Աղբյուր» արձանը երկու շաբաթ առաջ տեղադրվել էր Կապելլե քաղաքի հրապարակներից մեկում: Խաչքարի պատրաստումն ու տեղադրումը հովանավորել է Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգեւոր վարչությունը: Խաչքարի վրա հայերեն եւ հոլանդերեն լեզուներով գրված է «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց...» եւ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի...»: