24 սեպտեմբերի 2010 - 13:34 AMT
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում չեն քննարկվի Հայաստանին վերաբերվող հարցեր

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի նիստի օրակարգում, որը նախատեսված է հոկտեմբերի 4-8-ը Ստրասբուրգում, չեն քննարկվելու Հայաստանին վերաբերվող հարցեր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով, հոկտեմբերի 5-ին ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստի ժամանակ կներկայացվի զեկույց Հայաստանի կողմից իր պարտականությունների կատարման մասին: «Այդ քննարկմանը կմասնակցի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ: Բացառված չէ, որ քննարկումներին կմասնակցի նաև դիտարկման հանձնաժողովի համազեկուցող Գորան Լինդբլադը, որը չնայած նրան, որ Շվեդիայում սեպտեմբերի 19-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի ներկայացվել նոր խորհրդարանում, իր գործունեությունը կշարունակի ԵԽԽՎ-ում մինչև շվեդական խորհրդարանի նոր հանձնաժողովի ձևավորումը»,- ընդգծել է նա: