24 սեպտեմբերի 2010 - 18:55 AMT
«Ժառանգություն». Հայաստանում մարզպետներն իրենց թագավոր են զգում

Վերջերս ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին մարզեր այցելություններ կատարելու ժամանակ, լինելով տարբեր դպրոցներում, կրկին ահազանգել են այն մասին, որ մարզպետները չարահաշահում են իրենց պաշտոնական լիազորությունները` պարտադրելով դպրոցների տնօրեններին աշխատանքի ընդունել իրենց ուղարկած մարդկանց, սկսած ուսուցիչներից, վերջացրած` հավաքարարներով: Ինչպես հայտնում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը, տնօրենները, հաճախ ելք չունենալով, կատարում են պարտադրանքը:

Միևնույն ժամանակ տիկին Բախշյանը տեղեկացնում է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` դպրոցները ենթարկվելու են ներքին և արտաքին գնահատման, այն դառնալու է տվյալ դպրոցում կրթության որակի ցուցանիշը, որի համար պատասխանատվություն են կրելու հատկապես դպրոցների տնօրենները:

Անահիտ Բախշյանը հայտնում է, որ շուտով պատրաստ է լինելու ուսուցչի թափուր տեղի համար ուսուցիչների ընտրության կարգը, և տնօրենները պետք է առաջնորդվեն այդ կարգով:

«Չնայած տարիներ շարունակ դպրոցի ինքնավարությունն ու ինքնակառավարումը կրթական բարեփոխումների նպատակն է եղել, որը սահմանվել է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և կրթության պետական ծրագրերով, սակայն իշխանությունների կողմից քաղաքական կամքի բացակայության և մարզպետների անթաքույց դժկամության պատճառով արգելակվում է խորհուրդների միջոցով ինքնավարության իրականացումը և դպրոցների ինքնակառավարումը, որովհետև դպրոցի կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը, հակառակ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, դպրոցի կանոնադրությամբ վերապահված է մարզպետին: Արդյունքում կախվածության մեջ գտնվելով մարզպետներից` սահմանափակվում է դպրոցների տնօրենների ինքնուրույնությունը, որը չի կարող նպաստել նրանց նախաձեռնող գործունեությանը»,- նշվում է «Ժառանգություն» կուսակցության մամլո հաղորդագրության մեջ: