25 սեպտեմբերի 2010 - 14:04 AMT
Էդուարդ Մինասյան. Թուրքիան փորձում է յուրացնել հայկական մշակույթը

Խոփայում (Արևմտյան Հայաստան) բնակվում են 7-8000 համշենահայեր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդուարդ Մինասյանը՝ պատմելով Արևմտյան Հայաստան կատարած իր վերջին այցելության մասին: Ըստ նրա, բոլոր համշենահայերը տիրապետում են հայերենին, սակայն խոսում են իրենց բարբառով: «Բացի այդ, նրանք բոլորը պահպանել են հայկական ավանդույթները, այնպիսի տպավորություն էր, որ ես գտնվում եմ փոքրիկ Հայաստանում»,-ասել է նա: Մինասյանը հավելել է նաև, որ, չնայած նրան, որ հայերի մեծ մասը բռնի կրոնափոխ է եղել, շատերը պահպանել են իրենց ճշմարիտ հավատը:

Փորձագետը նշել է նաև, որ այցելել է նաև Վագֆ գյուղը (Մուսա լեռ),որի գրեթե բոլոր բնակիչները հայեր են: Ըստ նրա, ի տարբերություն համշենահայերի նրանք ազատ տիրպետում էին հայերենին, այնտեղ գործում է նաև հայկական եկեղեցին, որտեղ պատարագ է մատուցվում»,-ասել է փորձագետը:

Ըստ նրա, գործող հայկական եկեղեցիներ կան նաև Կեսարիայում, Սամադում, որտեղ «մարդիկ հավաքվում են հիմնականում Զատկի օրերը»,-ասել է Է.Մինասյանը: Նա նշել է, որ հայկական եկեղեցիների տեղում մեջիթներ են կարռուցվել:

Մեկնաբանելով այն, թե ինչու Թուրքիան սկսեց վերականգնել հայկական եկեղեցիները, Մինասյանն ասել է, որ դրանով Անկարան ցանկանում է ցույց տալ համաշխարհային հանրությանը, որ ժողովրդավարական երկիր է: «Բացի այդ, Թուրքիան փորձում է յուրացնել հայկական մշակույթը»,-ասել է Մինասյանը: