Ծաղկաձորում անցնում է «Գործարարության աջակցության հիմնահարցերը» թեմայով սեմինար խորհրդակցությունը, որի կազմակերպիչներն են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, «Գործարար կանանց աջակցման բիզնես կենտրոն» հիմնադրամը և «Ջի Էմ Ջի գրուպը»:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, սեմինարի հիմնական խնդիրը գործարար հանրության իրազեկումն է կատարված փոփոխությունների մասին: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերում է աշխատանքային օրենսգրքին, արբիտրաժային դատարանին: Նա նշել է , որ գործարարների առաջարկները կներկայացվեն ինչպես օրենսդիրներին, այնպես էլ գործադիր մարմիններին, քանի որ «օրենքը միշտ կարելի է փոխել»:
Խորհրդարանը 2010թ. հուլիսի 24-ին երկրորդ և վերջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում և համապատասխան փոփխություններ ու լրացումներ՝ «Վարչական իրավախախտումների», «Աշխատանքի պետտեսչության», «Աշխատանքի վարձատրման» մասին օրենքներում:
Ըստ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամազյանի, աշխատանքային օրենսգրքում կատարված նոր փոփոխություններն ուղղված են աշխատանքային հարաբերությունների կանոնակարգմանը՝ դրանց ազատականացման ուղղությամբ: