Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 65-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
Պան Գի Մունը բարձր գնահատեց Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը և հույս հայտնեց, որ Ադրբեջանը ևս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը:
Ներկայացնելով մեկ տարի առաջ Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջև կայացած հանդիպումից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայ-թուրքական կարգավորման գործընթացին ցուցաբերած անվերապահ աջակցության համար:
Ավարտելով այցելությունը Նյու-Յորք` Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և հանդիպումը հայ համայնքի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: