Թուրքիայում կայացած հանրաքվեն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, թույլ կտա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նորօրյա սուլթան դառնալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ իշխող կուսակցությունն ու Թուրքիայի վարչապետը պահպանեցին վստահության քվեն: Թուրքագետը վստահություն է հայտնել, որ եվրաինտեգրման տեսակետից հանրաքվեն լուրջ դեր չի կատարի:
Անդրադառնալով Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին՝ Շաքարյանը հայտարարել է, որ Ստամբուլի հայերը չէին կարող բոյկոտել այդ թուրքական շոուն, քանի որ հաջորդ օրը թուրքական իշխանությունները կփակեին հայկական եկեղեցիներն ու դպրոցները: Ըստ նրա, թուրքական իշխանությունները Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կտեղադրեն ապրիլի 24-ի շեմին: