Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բոստոն կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ արդեն 11 տարի է Տավիտյան հիմնադրամի շնորհիվ Հայաստանի շուրջ 150 դիվանագետներ, պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել դասընթացներ անցնել Ֆլեթչերի դպրոցում, և շնորհակալություն հայտնեց Ֆլեթչերի դպրոցի ղեկավարությանը շարունակական համագործակցության համար:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ բանակցություններին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին: Հայաստանի ԱԳ նախարարի ելույթին հետևեցին ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցեր:
Անդրադառնալով Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայտնվելուն` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Այսօր խոսում են Երկրորդ աշխարհամարտից առաջ Ստալինի և Հիտլերի միջև պայմանավորվածություններից, կասկածի տակ դնում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Մինչդեռ լռության են մատնվել անցյալ դարասկզբին Լենին-Քեմալ պայմանավորվածությունները, Ստալինի և Քաղբյուրոյի որոշումները, որոնք հիմք հանդիսացան Հարավային Կովկասում մի շարք խնդիրների, որոնք մինչ այսօր լուծումներ չեն գտել»:
Պատասխանելով այն հարցին, թե ադրբեջանցիները պնդում են, որ մադրիդյան առաջարկությունների ինչ-որ տարբերակի են համաձայնվել, իսկ Հայաստանը` ոչ, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ իրականությունն այն է, որ եռանախագահները 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը և այն, իբրև պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: «Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Վերջին մի քանի ամիսների ինտենսիվ բանակցությունների արդյունքում կողմերին մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակը ներկայացվեց այս տարվա հունիսին Սանկտ-Պետերբուրգում և մեր կողմից հայտարարվեց, որ դա ընդունվում է որպես բանակցությունների հիմք, ինչպես որ դա արվել էր 2007 թ. նոյեմբերին ներկայացված փաստաթղթի առաջին տարբերակի կապակցությամբ: Ադրբեջանցիները մերժում են թե՛ առաջինը, թե՛ վերջինը: Աշխատանքային տարբերակներից մեկի առնչությամբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է այն ընդունել որպես բանակցությունների հիմք, բայց որոշ բացառություններով: Սակայն պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունվածը: Իսկ դա փաստացի նշանակում է չընդունել»,- ընդգծեց նա:
ՀՀ արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանը սպասում է, որ իրենց «այսպես կոչված ընդունվածը»` բացառություններով հանդերձ, պետք է ընդունվի Հայաստանի և Արցախի կողմից: «Եվ նրանք իրենց այդ կեցվածքը համարում են կառուցողական մոտեցում: Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ ոք չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները ականջների մեջ խցան են դրել և չեն ուզում լսել` ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: