29 սեպտեմբերի 2010 - 20:17 AMT
Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային սեմինար կանցկացվի

Հոկտեմբերի 5-6 Երևանում կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային սեմինար` «Բիոէթիկական կրթությունը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում. պրոբլեմներ և հեռանկարներ» թեմայով: Սեմինարը նվիրվում է Բիոէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-ամյա տարելիցին: Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանում բիոէթիկայի մասնագետների պատրաստման ընդունելի մոդելների մշակմանը:

Սեմինարի աշխատանքներին մասնակցում են բիոէթիկական կրթության ոլորտի առաջատար փորձագետներ ԱՊՀ երկրներից, ՀՀ պետական կառավարման համակարգի, հասարակական կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կքննարկվի Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տվյալ առարկայի դասավանդման փորձը: Հատուկ ուշադրության է արժանանում մարդու արժանապատվության պրոբլեմը` Բիոէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համատեքստում, ինչպես նաև բիոէթիկայի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումը:

Սեմինարը կազմակերպել են Բիոէթիկայի ազգային կենտրոնը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուրոն Մոսկվայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը և Երևանի պետական համալսարանը` ՅՈՒՆԵՍԿՕ- ի էթիկական կրթության ծրագրի շրջանակներում: