29 սեպտեմբերի 2010 - 20:40 AMT
Երևանի կոնյակի գործարանը ծրագրված 29 հազ. տ խաղողից արդեն գնել է 16 377 տ

Երևանի կոնյակի գործարանը շարունակում է խաղող գնել, և սեպտեմբերի 28-ի դրությամբ մթերվել է 16 377 տ խաղող: Ինչպես նշվում է ԵԿԳ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նշված ծավալը մթերվել է գործարանի Արմավիրի, Այգավանի և Տավուշի մարզի Բերդի մասնաճյուղերում ` համապատասխանաբար 8 349 տ, 7 242 տ և 786 տ խաղող քանակներով: Երևանի կոնյակի գործարանը իր հետ համագործակցող ֆերմերներից կմթերի 29 000 տ խաղող: Մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ), 16-ին` Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), և 22-ին Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 130 դրամ` Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 120 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար:

«Գյուղացիների կողմից բերքի հանձնումը կատարվում է ըստ նախապես սահմանված ժամանակացույցի, ինչը հնարավորություն է տալիս խուսափել հերթերի գոյացումից և դարձնել գործընթացը առավել կանոնակարգված»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մինչև սեպտեմբերի 24-ը մթերված խաղողի դիմաց գումարներն արդեն իսկ ամբողջովին փոխանցված են խաղողագործների բանկային հաշիվներին:

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը ձեռնարկության հետ համագործակցող գյուղացիներից 29000 տոննա խաղող է գնելու: