30 սեպտեմբերի 2010 - 12:11 AMT
ՀՀ ԱԺ նախագահի այցը Շվեյցարիա կխթանի երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Շվեյցարիա: ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության Պետությունների խորհրդի նախագահ տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինիի հետ էր:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի և Շվեյցարիայի միջև նմանությունները և փոխադարձ համակրանքը հանդիսանում են այն հիմքը, որի վրա պետք է զարգանան մեր ժողովուրդների բարօրությանն ու բարգավաճմանը միտված հարաբերությունները: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ, ձևավորվել է բովանդակալից և բավականին ընդգրկուն օրակարգ: Ձևավորված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ:

Հայ-շվեյցարական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով խորհրդարանական կապերին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարևոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա գոհունակություն արտահայտեց վերջին տարիներին միջխորհրդարանական կապերի խորացման կապակցությամբ: Այս առումով ընդգծվեց 2007 թ. նոյեմբերի ՇՀ Ազգային խորհրդի նախագահ տիկին Քրիստին Էգերսզեգի-Օբրիստի պաշտոնական այցը Հայաստան, ինչը միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացման հիմք հանդիսացավ և 2008 թ. հոկտեմբերին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի այցը Հայաստան, որը նոր որակ և լիցք հաղորդեց խորհրդարանական կապերին: Դա պայմանավորված էր նաև շվեյցարական խորհրդարանական խմբի կազմով, որում ընդգրկված են ինչպես Շվեյցարիայի հիմնական քաղաքական կուսակցությունների գործող նախագահներ և փոխնախագահներ, այնպես էլ ՇՀ Դաշնային ժողովի խորհրդարանական տարբեր հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորներ, ինչպես նաև խորհրդարանի նախկին երկու նախագահներ:

Տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինին բարձր գնահատեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Շվեյցարիա, որը կխթանի երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը և այդ համատեքստում առանձնացրեց բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը: Նա շեշտեց, որ կանի հնարավորը, որ հայ-շվեյցարական գործակցությունը ավելի զարգանա և ամրապնդվի:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Շվեյցարիայի Սենատի նախագահը նշեց, որ իր երկիրը կշարունակի միջնորդական առաքելությունն ուղղված հարաբերությունների կարգավորմանը: Նա կարևոր համարեց տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հաստատումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: