2 հոկտեմբերի 2010 - 12:53 AMT
Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների «արգելափակված» թեկնածությունները կքննարկվեն Սենատում հոկտեմբերի 5-ին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Մեթյու Բրայզայի և Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունների քննարկումը Սենատում տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: Թեկնածուներին կներկայացնի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ սենատոր Ջոն Քերրին:

Օգոստոսի 3-ին Ռիկարդոնեի թեկնածոթւյունը քննարկվեց կոմիտեում և հավանության արժանացավ, սակայն, սենատոր Սեմ Բրաունբեկը օգտվեց իր վետոյի իրավունքից և մերժեց թեկնածությունը: Դիվանագետը չպատասխանեց Հայոց ցեղասպանության մասին սենատորի հարցին:

Սեպտեմբերի 21-ին կոմիտեում քննարկվեց Մեթյու Բրայզայի թեկնածությունը, սակայն այս անգամ ևս վետո կիրառվեց: Արգելափակեցին թեկնածությունը սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը Սենատի մեծամասնության առաջնորդ Հարիի Ռեյդի հավանությամբ:

Հոկտեմբերի 5-ին թեկնածությունները կքննարկվեն ԱՄՆ Սենատում: Ըստ ԱՄՆ Սահմանադրության, եթե Սենատը չհաստատի երկու թեկնածությունները, նախագահը պետք է առաջարկի նոր թեկնածուների, քանի որ երկու անգամ լսումները պրոֆիլային կոմիտեում արդյունք չտվեցին: