ԵԱՀԿ ՄԽ Մինսկի խմբի համանախագահների գնահատման առաքելությունն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 7-ին կժամանի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին ՀՀ ԱԳՆ-ից, միջնորդներն Արցախ կմեկնեն Երևանից:
«Առաքելությունը ոչ օգուտ կտա, ոչ վնաս: Ամեն դեպքում, նրանք կարող են ծանոթանալ ազատագրված տարածքների իրավիճակին»,- ասել է ՀՀ ԱԳՆ աղբյուրը:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, ԼՂ տարածքների շուրջ ԵԱՀԿ գնահատման դաշտային առաքելությունը կապ չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԳՎ առաջադրած բանաձևի նախագծի դրույթների հետ` չնայած ադրբեջանական կողմի պնդումներին: «Դա ԵԱՀԿ առաքելություն է, և ՄԱԿ կառույցներից դրան մասնակցում են միայն 1-2 հոգի` որպես տեխնիկական փորձագետներ: «ՄԱԿ-ի ոչ մի կառույց կապ չունի այդ առաքելության հետ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: