5 հոկտեմբերի 2010 - 14:12 AMT
Թուրքիայի կրթության նախարարը խախտել է տաբուն. 80 տարվա ընթացքում առաջին անգամ Ստամբուլի հայկական դպրոցները նոր դասագրքեր են ստացել

80 տարվա ընթացքում առաջին անգամ Ստամբուլի հայկական դպրոցները նոր դասագրքեր են ստացել: Ինչպես գրում է Hurriyet Daily News թերթը, հայկական դպրոցների աշակերտների օգտագործած դասագրքերը չէին թարմացվել 1930-ական թվականներից ի վեր:

Դպրոցականներին մոտ 24 000 գիրք է բաժանվելու: Նոր դասագրքերին կից կտրամադրվեն նաև թուրքերեն և անգլերեն լեզուներով CD-ներ: Թերթը նշում է, որ Թուրքիայի կրթության նախարար Նիմետ Չուբուքչուն խախտել է հայկական դպրոցներին վերանայված բովանդակությամբ նոր դասագրքեր բաշխելու տաբուն, որի համար հատուկ թույլտվություն էր անհրաժեշտ:

Նոր դասագրքերի ստեղծման ժամանակ ամենադժվարը թարգմանությունն էր թուրքերենից հայերեն: Թարգմանության համար ներգրավվել էին Թուրքիայի Հայկական համայնքի ուսուցիչների հիմնադրամի (TEAOV) աշխատակիցները, ովքեր աշխատել էին հայ 80-ամյա թոշակառու ուսուցիչների հետ:

Ստամբուլում հայկական դպրոցների մեծ մասը փակվել է աշակերտների քանակի կրճատման պատճառով: Ստամբուլի հայկական համայնքը` 50 հազար հոգի, ունի 16 դպրոց, որոնցից միայն երկուսն են միջնակարգ: Այստեղ սովորում են 3000 աշակերտներ և աշխատում են 300 ուսուցիչներ: Թուրքիայի համալսարաններում հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի բացակայության պատճառով ուսուցիչները դասավանդում են` հիմնվելով իրենց ընտանիքներում ստացած գիտելիքների վրա, նշում է թերթը: