5 հոկտեմբերի 2010 - 15:42 AMT
Բաքվում սպանվել է գերեվարված Մանվել Սարիբեկյանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել հայ գերի Մանվել Սարիբեկյանի «ինքնասպանության» մասին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, Մանվել Սարիբեկյանն իբր ինքնասպան է եղել հոկտեմբերի լույս 5-ի գիշերը:

Պատահարի վայրի զննության արդյունքում ռազմական դատախազության աշխատակիցները պարզել են, որ Սարիբեկյանը «կախվել է իր վերնաշապիկից ու սավանից հյուսված պարանի օգնությամբ»: Սարիբեկյանի պարանոցին հայտնաբերվել է խեղդամահ եղածների համար բնորոշ սպի: Դատաբժշկական փորձաքննությունը բռնության ոչ մի հետք «չի հայտնաբերել» Սարիբեկյանի մարմնի վրա:

Մանվել Սարիբեկյանը հովիվ էր, նա գերեվարվել է ադրբեջանական կողմից սպետմեբրի 11-ին, որտեղ նրան «դիվերսանտ» հայտարարեցին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության, Սարիբեկյանն ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ ԶՈւ շարքերում 2010 թվականի մայիսին և ոչ մի առնչություն չունի հատուկ ծառայությունների հետ:

Գերեվարվելուց մի քանի օր անց ինտերնետում տեղադրվել էր Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսահոլովակը: Մասնագիտական փորձաքննությունից հետո, ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո՝ հատուկ միջոցների կիրառմամբ: