6 հոկտեմբերի 2010 - 16:53 AMT
Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ կարելի է դելֆինարիա կառուցել

«Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ կարելի է դելֆինարիա կառուցել: Այստեղ ոչ ծովի ջուր կա, ոչ համապատասխան կեր, ոչ կլիմայական պայմաններ դելֆիններին պահելու համար»,- ասել է «Թռչունների սիրահարների հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Նրա խոսքերով, ողջ աշխարհում փորձում են կրճատել ակվարիումների և կենդանաբանական այգիների քանակը, տանել դրանք քաղաքից դուրս, որպեսզի կենդանիներն իրենց ավելի լավ զգան, իսկ Հայաստանում հակառակն է: «Ողջ աշխարհը շարժվում է առաջ, իսկ մենք փորձում ենք շահագործել կենդանիներին, որոնց համար անսովոր են Հայաստանի կլիմայական պայմանները»,- ասել է նա:

Սիլվա Ադամյանի խոսքերով, դելֆինարիայի բացումը սխալի կրկնություն է, քանի որ մայրաքաղաքի կենդանաբանական այգում կենդանիները շատ վատ պայմաններում են ապրում: «Դելֆինները սնվում են թարմ ձկով, իսկ մեզ մոտ դրա հնարավորությունը չկա, և այն ներկրելու են սառեցված վիճակով: Դա նշանակում է, որ կերը չի համապատասխանելու այն պայմաններին, որոնք ընդունված են ողջ աշխարհում»,- կարծում է փորձագետը:

Իր հերթին, Քնարիկ Հովհաննիսյանն ասել է, որ խնդիրներից մեկը նաև այն է, որ զվարճանքի օբյեկտը կառուցվում է պանթեոնի դիմաց, որը քաղաքացիների համար սուրբ վայր է: Մյուս խնդիրն այն է, որ Հայաստան բերելու են դելֆիններ քաղցրահամ ջրերից, և ակվարիումի համար օգտագործվելու է խմելու ջուր, որն առանց այդ էլ անբավարար է Հայաստանում: