6 հոկտեմբերի 2010 - 20:45 AMT
ԵԽԽՎ-ն կոչ է արել Բաքվին հարգել Ղարաբաղի գծով ստանձնած պարտավորությունները

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հոկտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում Ադրբեջանին կատարել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ստանձնած պարտավորությունները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Հայտարարության տակ, որը նախաձեռնել է ինքը Փոստանջյանը, ստորագրվել է շուրջ 30 պատգամավոր:

Հայտարարությամբ կոչ է արվում Երևանին ու Բավքին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը: «Ստանձնած պարտավորություններին հակառակ, ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է ռազմատենչ քաղաքականություն վարել՝ ռազմաշունչ հայտարարություններով հանդես գալով Հայաստանի ու Ղարաբաղի հասցեին: Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, հրաժարվում է բանակցություններ վարել Ղարաբաղի հետ, որը հակամարտության գլխավոր կողմն է, իսկ բոլոր այն անձիք, այդ թվում նաև ԵԽԽՎ անդամները, որոնք այցելում են Ղարաբաղ, հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում փաստաթուղթ էր տարածել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որի տակ ստորագրվել էին 20 խորհրդարանականներ ԵԽ 15 անդամ երկրներից: