Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Վրաստանի հետ համագործակցությունը և հավատարիմ է մնում նրա տարածքային ամբողջականության սկզբունքին, հաղորդում է VOA News-ը:
«ԱՄՆ-ն կշարունակի սատարել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Դա մեր երկկողմ հարաբերությունների հիմնարար հենքն է, հայտարարել է Քլինթոնը,-մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել վրացական տարածքների օկուպացիան, դուրս բերել զորքերն ու հավատարիմ մնալ միջազգային համաձայնագրերին՝ ներառյալ հրադադարի մասին 2008թ. համաձայնագիրը»:
Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես կշարունակի սատարել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման մեջ: Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին ի պատասխան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկությունը երկիրը մեկ անգամ ևս կհաստատի նոյեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: