7 հոկտեմբերի 2010 - 19:17 AMT
Սլովակների գլխավոր մարզիչը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղը հեշտ չի լինի

Հոկտեմբերի 7-ին Երևանում Հայաստան-Սլովակիա խաղից առաջ Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հանդիպել է լրագրողների հետ:

Նրա կարծիքով, Հայաստանի հավաքականի հետ խաղը հեշտ չի լինի: «Հայ ֆուտբոլիստները տեխնիկապես ուժեղ են և գնդակը շատ արագ են մշակում: Պաշտպանությունում դժվար կլինի խաղալ Մխիթարյանի, Մովսիսյանի և Մանուչարյանի դեմ»,- ասել է Վայսը:

Նա կարծում է, որ Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցույց տվել Իռլանդիայի հավաքականի հետ խաղում և վառ խաղ` Մակեդոնիայի հետ խաղում: Նա չի ժխտել, որ այս խաղում նրանք ֆավորիտներ են, բայց այդ առավելությունը պետք է ցույց տալ նաև դաշտում: Նա նաև գոհ է եղել հանրապետական մարզադաշտի խոտածածկի որակից: