8 հոկտեմբերի 2010 - 17:58 AMT
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովենիայի նախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան կժամանի Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Սլովենիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այնուհետեւ Սլովենիայի նախագահը կհյուրընկալվի ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ նախատեսվում է Հայաստանի եւ Սլովենիայի նախագահների առանձնազրույց, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը Սլովենիայի նախագահը կայցելի Մատենադարան եւ Հայաստանի նկարիչների միություն: Այնուհետեւ նախագահներ Դանիլո Թյիրկը եւ Սերժ Սարգսյանը կմասնակցեն հայ-սլովենական բիզնես ֆորումին:

Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի եւ տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, կտրվի պաշտոնական ընթրիք:

Հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկն առանձնազրույց կունենա Սերժ Սարգսյանի հետ, որին կհաջորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Սլովենիայի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն կեզրափակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: