8 հոկտեմբերի 2010 - 18:09 AMT
Ռուսական գազի սակագինը Հայաստանի համար ձևավորվում է ըստ շուկայի պահանջների

Ռուսական գազի գնագոյացման մեխանիզմը Հայաստանի համար շուկայական է, ինչի մասին է վկայում այն հանգամանքը, որ վերջին տարիներին գազի սակագինը բարձրացել է ըստ համաշխարհային կոնյուկտուրայի: Այդ մասին ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վերջին տարիներին գազի սակագինն անընդհատ աճել է: Մենք հետևում ենք, որպեսզի այդ միտումը համապատասխանի համաշխարհային միտումներին և շուկայական լինի: Մեր հիմնական բանավեճը մեր ռուսաստանցի գործընկերների հետ վերաբերում է գնագոյացման մեթոդաբանությանը»,-ասել է նա:

Ըստ վարչապետի, հարկավոր է ապահովել գների կանխատեսելիությունը, քանի որ գազի սակագինն ազդում է արդյունաբերությն շատ ոլորտների վրա: Ձեռնարկատերերն ու բնակչությունը պետք է պատրաստ լինի գների փոփոխությանը: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ինչպես մեր բնակչության ու գործարարների, այնպես էլ մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,-հավելել է Սարգսյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է: «Հայաստանում այսօր գազաֆիկացված է բնակավայրերի 94 տոկոսը՝ դա շատ մեծ ցուցանիշ է»,-ասել է նա: