8 հոկտեմբերի 2010 - 19:18 AMT
Ռուդի Սալ. 21-րդ դարում Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած առաջին օրենքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքն է եղել

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երևանում ընթացող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին, «Ֆրանսիայի միավորված քաղաքների միության» նախագահ Շարլ Ժոսլենի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ ուրախ է պատվիրակության կազմում տեսնել նաև խորհրդարանականների, ովքեր մեծ աշխատանք են տանում Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ թե տեղական մարմիններում և թե խորհրդարանական բարեկամության խմբերում: Նա կարևորեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև տեղական իշխանությունների մակարդակով իրականացող արդյունավետ համագործակցությունը. 1990-ականների սկզբներից մեծ թափով ընդլայնվող երկու երկրների քույր քաղաքների, դեպարտամենտների և շրջանների ցանցը ներկայումս ընդգրկում է թվով 30 գործընկերային կապեր:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երբեք չի մոռացվի Ֆրանսիայի քաղաքների համերաշխության դրսևորումը 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող օրերին: Հայաստանին մարդասիրական աջակցություն ցուցաբերած Ֆրանսիայի քաղաքներն առաջինների շարքում էին` նման կերպ արտահայտելով Հայաստանի հանդեպ ֆրանսիացի ժողովրդի համակրանքն ու բարեկամական վերաբերմունքը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց նաև Ֆրանսիայի տեղական իշխանությունների կողմից Հայաստանի գործընկեր քաղաքներում իրագործված և դեռևս իրականացման փուլում գտնվող համագործակցային ծրագրերը, որոնք լրացնում են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պետական բարձր մակարդակով փոխգործակցությունը:

ԱԺ նախագահի համոզմամբ, Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների բարեկամությունը և դրա հիման վրա ծավալվող ապակենտրոնացված համագործակցությունը օրեցօր նպաստում է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդմանը, որտեղ իր նշանակալի դերակատարությունն ունի նաև Ֆրանսիայի այդ նույն քաղաքների հայ համայնքը: Անդրադառնալով Երևանում անցկացվող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն երկու կողմերի երակարատև աշխատանքի արդյունք է և կարևորեց համաժողովի օրակարգային թեմաները, որոնք, հետագա համագործակցության համար գերակա ոլորտներ կհանդիսանան: Նա նաև կարևորեց համաժողովում խարտիայի ընդունումը, որն արժեքավոր ձեռքբերում կլինի այս բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման համար: Նա համոզմունք հայտնեց, որ նման համաժողովների հաճախականության հաստատումը անհրաժեշտ քայլ է, որոնց շրջանակներում կարող են նախանշվել ապակենտրոնացված համագործակցության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները և դրանց իրականացման մեխանիզմները:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Նիցցայի փոխքաղաքապետ Ռուդի Սալը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ընդունելության համար և նշեց, որ համաժողովը շատ արդյունավետ ընթացավ: Նա ընդգծեց, որ Հայաստանում զգալի առաջընթաց է նկատվում և տեղական ինքնակատավարման ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Նա բարձր գնահատեց երկու երկների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները` փաստելով, որ Հայաստանի անկախության տոնը միակ օտարերկրյա տոնն է, որ նշվում է Ֆրանսիայի համայնքներում: Ֆրանսիացի պատգամավորի խոսքով 21-րդ դարում Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած առաջին օրենքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքն է եղել:

Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ խորհրդարանի գործունեությանը, Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի: Հանդիպումից հետո ֆրանսիացի հյուրերը եղան Ազգային ժողովի նորակառույց դահլիճում, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: